Բրիտանական սուպերմարկետների Tesco ցանցը որոշել է հրաժարվել ֆրանսիական կրուասանների ավանդական կոր ձեւից: Այս մասին գրում է The Guardian-ը:
Ըստ Lenta-ի, փոփոխության գլխավոր պատճառը կրուասանի վրա ինչ-որ բան «քսելու գործակիցն» է. բազմաթիվ բրիտանացիներ չեն կարողանում դրա վրա ջեմ կամ կարագ քսել՝ կոր ձեւի պատճառով: Այդ պատճառով Tesco-ն որոշել է հրաժարվել դրանից՝ չնայած «կրուասան» բառը նշանակում է «կիսալուսին»:
The Local-ի փոխանցմամբ, Twitter-ի ֆրանսիացի օգտատերերին վրդովեցրել է Tesco-ի որոշումը: Նրանցից ոմանք Twitter-ում կոչ են արել «Մեծ Բրիտանիային դուրս նետել Եվրամիությունից», մյուսներն էլ առաջարկել են անգլիացիներին սովորեցնել կրուասան ուտելու ձեւը: Օգտատերերից մեկն էլ գրել է, որ դրա համար հարկավոր է Մեծ Բրիտանիային պատերազմ հայտարարել:



























