Բրիտանական ֆիլմերի փառատոնը  Հայաստանի մշակութային օրացույցում կարեւոր ամսաթիվ է: Այս մասին փետրվարի 20-ին՝ փառատոնի բացմանը, լրագրողներին ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Նրա խոսքով՝ դեսպանատունը, British Council-ի հետ համատեղ, մեծ ուրախությամբ պաշտպանում է այս նախաձեռնությունը:

«Մշակութային փոխանակումը Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի համագործակցության կարեւոր մասն է, եւ British Council-ը ցուցադրության համար մի շարք «խելահեղ լավ» ֆիլմեր է ընտրել: Հույս ունեմ հնարավորինս շատ ֆիլմեր դիտել: Դրանք ոչ միայն հետաքրքիր են, այլ նաեւ ստիպում են  մտածել, առաջարկում են նոր հայացք գցել աշխարհին, մարդու իրավունքներին եւ մարդկանց բազմազանությանը»,- հավելել է նա:

Փառատոնը բացվելու է ռեժիսոր Նիկոլաս Գայթների «Տիկինը ֆուրգոնում» ֆիլմով՝ օսկարակիր Մեգգի Սմիթի մասնակցությամբ:

Շերլոկ Հոլմսի սիրահարների համար փետրվարի 21-ին կցուցադրվի «Միստր Հոլմս» ֆիլմը, որում հայտնի խուզարկուն արդեն թոշակառու է, սակայն դա նրան չի խանգարում բացահայտել 50-ամյա վաղեմության հանցագործությունը: Փետրվարի 23-24-ը կցուցադրվեն երգչուհի Էմի Ուայնհաուսի եւ դերասան Մառլոն Բրանդոյի մասին փաստագրական ֆիլմեր:

Երեւանում փառատոնը կեզրափակվի «Լոնդոնյան ճանապարհ» մյուզիքլով: Այն կներկայացնի 2006թ. Սաֆոլքում տեղի ունեցած դեպքերը: Հայտնաբերված 5 կանացի դիակները ցնցել էին Իսփիուչ գավառական քաղաքի խաղաղ բնակիչներին: Ֆիլմում նկարահանվել են լավագույն ժամանակակից բրիտանացի դերասաններ Թոմ Հարդին եւ Օլիվիա Քոլմանը:

Ցուցադրություններ կկայանան նաեւ մարզերում, այս տարի՝ Ապարան, Դիլիջան եւ Ալավերդի քաղաքներում:

Փառատոնը կազմակերպել են British Council-ը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը եւ Հայաստանի մշակույթի նախարարությունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը: Մուտքն ազատ է:

Մանրամասները ՝ www.britishcouncil.am կայքում: