Զրուցակցի խոսքին ի պատասխան աչքերը պտտեցնելը անհամաձայնության կամ ժամանակավորապես զիջելու պասիվ հակազդեցություն է, ասում է հոգեբան Լիզա Դամուրը Քեյզի Արեւմտյան պահուստային համալսարանից  (ԱՄՆ):

Նրա դիտարկումների համաձայն, նման հակազդեցություն ամենից հաճախ հանդիպում է պատանիների մոտ, հատկապես` աղջիկների: Այն օգտագործվում է հավասարակշռությունը պահպանելու համար այնպիսի իրավիճակում, երբ զրուցակցի խոսքը բուռն հույզեր է առաջացնում: Սովորաբար պատանիները չեն սիրում, երբ իրենց ասում են, թե ինչ անեն եւ երբեմն բնազդաբար հակաճառում են, նույնիսկ եթե համամիտ են: 

Այսպիսով, աչքերը պտտեցնելը կարող է արտահայտել ագրեսիա, պաշտպանվելու եւ առերեւույթ հանգստությունը պահպանելու ձգտում: Դամուրի կարծիքով, արժե, որ ծնողները ուշադրություն դարձնեն մեծացող երեխաների այդ պերճախոս ազդանշաններին, տեղեկացնում է  «Աշխարհի շուրջը»:

Հետաքրքիր է, որ աչքերը պտտեցնելու շարժումը ժամանակակից իմաստ եւ ժողովրդականություն է ձեռք բերել միայն վերջին տասնամյակներին: Մինչ այդ, XV  դարից ի վեր, կնոջ կողմից նման հնարքի կիրառությունը նույնանում էր էրոտիկ տեսարանների հետ: Դրա հաստատումներ կգտնեք գրական աղբյուրներում, օրինակ` Միլթոնի   «Կորուսյալ դրախտ»-ում եւ Շեքսպիրի «Անպատվված Լուկրեցիա»-ում:

Աչքերի օգնությամբ մերժում եւ անհամաձայնություն արտահայտելու առանձնահատկության զարգացումն առաջին անգամ նկատել է կենդանիների վարքի մասնագետ Իրենաուս Էյբլ-Էյբեսֆելտը 1989 թվականին: Նրա կարծիքով, շրջապատին աչքերով ինչ-որ բան հաղորդելու կարողությունը մարդու մոտ ի հայտ է եկել ծիածանաթաղանթը շրջապատող սպիտակուցի առաջացրած կոնտրաստի շնորհիվ, որը նկատելի է դարձնում նրա շարժումները: