Աշխարհի ամենաթանկ մետաղադրամը փետրվարի 22-ին եւ 23-ին ցուցադրության կհանվի Տալլինի պատմության թանգարանում, ուր կբերեն ԱՄՆ-ում հատած առաջին դոլարը, որը 2013թ. աճուրդում վաճառվել էր ավելի քան 10 մլն դոլարով, հայտնում է Postimees թերթը։
1794թ. հատած, Flowing Hair անունը կրող արծաթյա դոլարը (դրամի վրա պատկերված է Ազատության աստվածուհին՝ արձակած մազերով) առաջինն էր, որը հատվել էր ԱՄՆ այն ժամանակվա մայրաքաղաք Ֆիլադելֆիայում։ Այդ մետաղադրամն իր ձեռքում է պահել նաեւ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնը։
Եվրոպայում մետաղադրամների մատակարարման խոշորագույն ընկերություններից մեկը՝ Samlerhuset Group-ը, 2016թ. Եվրոպայի 8 մայրաքաղաքներում կկազմակերպի յուրահատուկ դրամի ցուցադրությունը։ Փետրվարին Flowing Hair-ն արդեն եղել է Պրահայում, հետո Վարշավայում, իսկ հիմա՝ Տալլինում։ Այնուհետեւ մետաղադրամը կցուցադրվի Հելսինկիում, Ստոկհոլմում, Օսլոյում, Դուբլինում եւ Լոնդոնում։
Նշենք, որ խոսքը աճուրդում երբեւէ վաճառված աշխարհի ամենաթանկ մետաղադրամի մասին է։ Այն 2013թ. գնել էր ամերիկացի գործարար Բրյուս Մորելանը։
Մետաղադրամից բացի, ցուցահանդեսում կարելի է տեսնել նաեւ Անկախության հռչակագրի առաջին տպաքանակի պաստառը։





























