Հայաստանը պատրաստ է աջակցել հնդիկ ներմուծողներին՝ հայ գործընկերների հետ համագործակցության հաստատման ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, Հնդկաստանում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է հայկական գինիների համտեսի ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հնդկաստանում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է հայկական գինիների համտես, որտեղ ներկայացվել են երկու տասնյակից ավելի հայկական կարմիր եւ սպիտակ չոր գինիներ: Համտեսին հրավիրված էին ալկոհոլային խմիչքներ ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը համառոտ ներկայացրել է հայ գինեգործության պատմությունն ու ավանդույթները, ինչպես նաեւ Հայաստանում գինու արտադրության ներկա վիճակը: Նախարարը նաեւ հրավիրել է ներկաներին այցելել Հայաստան տեղում հայկական գինեգործական արտադրանքին եւ գինու արտադրության պայմաններին ծանոթանալու համար: Միեւնույն ժամանակ նախարարը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հնդիկ ներմուծողներին հայ գործընկերների հետ համագործակցության հաստատման ուղղությամբ: Հնդկական գինեգործական ընկերությունների մի շարք ներկայացուցիչներ հայտնել են, որ առաջիկայում կայցելեն Հայաստան հայ մասնագետների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու, փոխգործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես հայկական գինու արտահանման հնարավորության հարցը քննարկելու նպատակով:
Պաշտոնական այցի շրջանակում կազմակերպվել է նաեւ հանդիպում Հնդկաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Սերգո Կարապետյանը հույս է հայտնել, որ Հնդկաստանի հայկական համայնքը նույնպես ակտիվորեն կարող է ներգրավվել հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման գործում: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաեւ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին, պատասխանել ներկաների հարցերին:




























