Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալին, որը հունվարի 1-ին ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում եւ փետրվարի 1-ին ազատ արձակվել, իր կամքով է Հայաստանից Իրան մեկնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանը՝ նշելով, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն է իրեն նման պատասխան տվել:
«Ոստիկանությունը հերքել է, որ իրենք են Ալիին ուղարկել Հայաստանից, իսկ ԱԱԾ-ն էլ ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, պատասխանել է միայն, որ Ալին կամավոր է հեռացել եւ այս ամենն արվել է իր անվտանգության համար»,- ասաց Տիգրան Սաֆարյանը:
Փաստաբանը հայտնեց, որ ինքը դիմել է գլխավոր դատախազության՝ պահանջելով քրեական գործ հարուցել Ալիին ՀՀ-ից Իրան ուղարկելու դեպքի առթիվ:
Հիշեցնենք, որ ըստ Տիգրան Սաֆարյանի՝ Ալին փետրվարի 1-ին դուրս է եկել քրեակատարողական հիմնարկից, նրան են մոտեցել քաղաքացիական հագուստով անձինք, տարել «Զվարթնոց» օդանավակայան եւ ուղարկել Իրան:
Նշենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ 2016թ. հունվարի 1-ին ժամը 23:00-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ֆադհել Ռ.-ը, որը 2014թ. մայիսի 25-ից Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր սպանության փորձի, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության, հասարակական եւ մասնավոր սեփականության վնասման, զանգվածային անկարգության եւ ահաբեկչության մեղադրանքով:
Ֆադհել Ռ.-ը ձերբակալվել եւ տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ:
Հաջորդ օրն իսկ Բահրեյնի Թագավորության Հակակոռուպցիոն, տնտեսական եւ էլեկտրոնային անվտանգության գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող անձի, որն ահաբեկչական նպատակներով սեփականության վնասման եւ պայթուցիկ նյութերի օգտագործման համար Բահրեյնում դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Պաշտոնյայի խոսքով՝ քայլեր են ձեռնարկվում կալանավորված անձին վերադարձնելու ուղղությամբ:
Փետրվարի 1-ին Բահրեյնի քաղաքացին ազատ է արձակվել:





























