Խորհրդարանական մեծամասնությունը ՄԻՊ թեկնածուի առջեւ նրան առաջադրելուց առաջ պայմաններ չի դրել։ Այս մասին փետրվարի 22-ին խորհրդարանում ասել է Հայաստանի ՄԻՊ թեկնածու, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը՝ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին։
Թաթոյանն իր թեկնածության առաջադրման մասին իմացել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից։ «Ամենայն հավանականությամբ խմբակցությունը որոշումը կայացրել է՝ ուսումնասիրելով իմ աշխատանքային կենսագրությունը եւ գործունեությունը։ Սակայն որեւէ համաձայնության մասին խոսք չի եղել։ Ես պետք է ազատ լինեմ իմ պարտականությունները կատարելիս, եթե նշանակվեմ»,- ասել է Թաթոյանը։





























