Ի աջակցություն կալնավորված քաղաքացիական ակտիվիստներ Վարդգես Գասպարիի եւ Գեւորգ Սաֆարյանի այսօր՝ փետրվարի 22-ին, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում նախագահական նստավայրի մոտ:

«Մեր երկրում մարդիկ կալանավորվում են իրենց քաղաքացիական հայացքների համար: Մենք եկել ենք Սերժ Սարգսյանին ասելու, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք ինքնակամ են հանձնվում իրենց քաղաքական հայացքների համար»,- NEWS.am-ին ասաց ակցիայի մասնակիցներից Արամ Մանուկյանը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակտիվիստները սկզբում կանգնած էին նախագահականի դիմացի մայթին, ապա անցան փողոցը, սակայն նախագահականի առջեւ հասնել նրանց չհաջողվեց: Ակցիան հսկող ոստիկանները Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ փակեցին նրանց ճանապարհը Մեծ Բրիտանիայի  դեսանատան մոտ:

Այս պահին ակտիվիստները կանգնած են, Վալերի Օսիպյանը մտել է նախագահական՝ հասկանալու համար հնարավոր է՝ ինչ-որ մեկը մոտենա նրանց:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, նա կալանավորված է հունվարի 1-ից: Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպրին կալանավորվել է օրեր առաջ՝ այն բանից հետո, երբ մի քանի անգամ հրաժարվել է ներկայանալ իր դեմ մեղադրանքով դատական նիստերին:

Նշենք, որ այս պահին նույն պահանջով բողոքի ակցիա է անցկացնում նաեւ «Նոր Հայաստան»-ը: Հանրային փրկության ճակատի անդամները հավաքված են Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց ու պատրաստվում են գիշերել այնտեղ: