ԱՄՆ Չիկագոյի համալսարանի աշխատակիցները աջլիկների ու ձախլիկների եւս մեկ տարբերություն են հայտնաբերել: Պարզվում է, որ աջլիկները սկզբում ձգվում են դեպի առարկաները, որոնք նրանց աջ կողմում են գտնվոմ, իսկ ձախլիկները՝ այն առարկաները, որոնք ձախ կողմից են գտնվում: Օրինակ, աջլիկ մարդը ավելի հաճախ տուփից թխվածքաբլիթ կվերցնի, եթե այն իր աջ կողմում է գտնվում:
Ավելին, աջլիկներն ու ձախլիկները իրենց այս առանձնահատկությունը դրսեւորում են նաեւ մարդկանց աշխատանքի ընդունելիս: Աջլիկն ավելի մեծ հաճույքով աշխատանքի կընդունի այն թեկնածուին, որը նրանից աջ է նստած կամ կանգնած, իսկ ձախլիկը նրան, ով իր ձախ կողմում է գտնվում:
Գիտնականները նաեւ պարզել են, որ այս օրինաչափությունը վերաբերում է նաեւ ընտրություններին: Նրանք փորձնական ընտրություններ էին կազմակերպել, որի արդյունքում պարզվել է, որ ձախլիկ կամավորները 15 տոկոսով ավելի հաճախ էին ընտրել այն թեկնածուներին, որոնց անունները գրված էին քվեաթերթիկի ձախ մասում, հայտնում է Informing–ը:
Հետազոտողները կարծում են, որ աջլիկների ու ձախլիկների այս առանձնահատկությունները հեշտությամբ կարելի է բացատրել գլխուղեղի տարբերություններով, չէ՞ որ զգացմունքների համար պատասխանատու գոտիները աջլիկների ու ձախլիկների գլխուղեղի տարբեր կողմերում են գտնվում:
Գիտնականները համարում են, որ այդ գիտելիքները կարող են հսկայական նշանակություն ունենալ ուղեղի խթանման համար դեպրեսիայի բուժման ժամանակ, եթե աջլիկների ու ձախլիկների գլխուղեղի տարբեր հատվածների վրա ուղղվի բուժական ազդեցությունը:
Հարկ է նշել, որ այսօրվա դրությամբ աշխարհում տղամարդկանց մոտավորապես 13 տոկոսը ու կանանց 11 տոկոսը ձախլիկ են: Համեմատության համար ասենք, որ մինչեւ 1910 թ. ծնվածների ընդամենը 3 տոկոսն էր ձախլիկ: Ամենայն հավանականությամբ դա բացատրվում է նրանով, որ 18-19 րդ դարերում ձախլիկությունը արատ էր համարվում: Երեխաներին ստիպում էին աջ ձեռքն օգտագործել: Սակայն մեր օրերում ամեն ինչ փոխվել է, ու նման մարդիկ այլեւս անսովոր չեն համարվում:
Նաեւ ձախլիկ երեխաների ծնունդը գիտնականները կապակցում են մեծ տարիքում ծննդաբերող կանանց քանակի ավելացման հետ: Ըստ հետազոտության ՝ նման մայրերից կրկնակի շատ ձախլիկներ են ծնվում, քան երիտասարդ տարիքում ծննդաբերող կանանցից:





























