Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի ջրամատակարարումը, որը խափանվել էր Խարյանա նահանգի բողոքի ցույցերի պատճառով, ամբողջովին կվերականգնվի երկու շաբաթվա ընթացքում, երեքշաբթի հայտնել է մայրաքաղաքի ջրի վարչության ներկայացուցիչ Նիրաջ Սեմվալը:

Մի քանի օր առաջ Խարյանա նահանգում, որը սահմանակից է Հնդկաստանի մայրաքաղաքին, ջաթերի բողոքի ցույցեր էին սկսվել: Ջաթերը էթնիկ խումբ է, որը քվոտաներ է պահանջում պետական աշխատատեղերի ու ուսումնական հաստատություններում տեղերի համար: Ցույցերը վեր են ածվել ոստիկանության հետ բախումների, եւ անկարգությունների հետեւանքով մոտավորապես 20 մարդ է զոհվել: Ջաթերը փակել էին այն ավտոմայրուղին, որը Դելին միացնում է Խարյանա, Փենջաբ եւ այլ նահանգների հետ: Շրջափակման մեջ էր հայտնվել նաեւ Մունակ ջրուղին, որով իրականացվում է Նյու Դելիի ջրամատակարարումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Տարածքներից մի քանիս բանակային ստորաբաժանումներ են մտցվել, իսկ հետո, երբ նահանգի կառավարությունը բավարարել է ջաթերի պահանջները, ցուցարարները բացել են շրջափակումը: Հիմա իրավիճակը կարգավորվել է: Ռազմական ստորաբաժանումները հերթապահություն են սկսել, բարիկադները հանվում են: Երկուշաբթի երեկոյան պրոֆիլային ծառայությունները սկսել են վերականգնել Դելիի ջրամատակարարումը:

«Մենք հույս ունենք, որ առաջիկա երկու–երեք օրվա ընթացքում կկարողանանք մասամբ վերականգնել ջրամատակարարումը, իսկ 15 օրվա ընթացքում՝ ամբողջովին»,- մեջբերում է Սեմվալին NDTV հեռուստաալիքը:

Նրա խոսքով, ջրի պակասը անդրադարձել է հիմնականում Դելիի հյուսիսի, հարավի ու արեւմուտքի վրա: Ինչպես իր Twitter –ում գրել է Դելիի ջրային ռեսուրսների նախարար Կապիլ Միշրան, քանի դեռ Մունակ ջրուղին ամբողջովին չվերականգնվի, ջրամատակարարման խափանումները կշարունակվեն: