Վարդգես Գասպարիի կալանքով Հայաստանի իշխանությունները ուզում էին բոլորին վախեցնել: Այս մասին փետրվարի 23-ին խորհրդարանում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ Գասպարիին կալանավորել են միայն ճշմարտությունն ասելու համար: «Գասպարին հիշեցրեց, որ Հայաստանի դատական համակարգի 47 վճիռներից 46-ը Ստրասբուրգի դատարանում չեղյալ են համարվել: Սակայն դա չի անհանգստացնում հայ դատավորներին, քանի որ նրանք ինքնասիրություն չունեն: Ահա ինչ էր ասում Գասպարին, եւ նա ճշմարտությունն էր ասում. այդ մասին նշված է օմբուդսմենի զեկույցում: Բայց իշխանությունները մեղադրանք ներկայացրեցին եւ կալանավորեցին նրան, որպեսզի մեր քաղաքացիները անգամ չմտածեն նման բաների մասին»,- ասել է Փոստանջյանը: