ՄԱԿ կառույցների հետ ՀՀ կառավարության համագործակցության արդյունքում մոտ 1500 սիրիահայեր ներգրավվել են տարբեր ծրագրերում, իսկ նրանցից մի քանի հարյուրը աշխատանքի են տեղավորվել։ Այս մասին փետրվարի 24-ին՝ «Հումանիտար արձագանքից մինչեւ կայուն որոշումներ» աշխատանքային գիտաժողովում ելույթ ունենալիս, ասել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Նախարարն ընդգծել է, որ բնականաբար սիրիահայերի հիմնական խնդիրը զբաղվածությունն է։ «Մյուս կողմից, ՀՀ քաղաքացիների համար նախատեսված բոլոր սոցիալական ծրագրերում ներգրավված են նաեւ մեր սիրիացի հայրենակիցները։ Մոտ 500 սիրիահայ թոշակառու մասնակցում է այդ ծրագրերին։ Սոցիալական երաշխիքները, որոնք նախատեսված են ՀՀ քաղաքացիների համար, ամբողջովին գործում են նաեւ մեր սիրիացի հայրենակիցների համար»,- ասել է նախարարը։