Եվրամիությունը փախստականներին 5 մլրդ դոլար է հատկացրել, սակայն Հայաստանն այդ գումարից ոչինչ չի ստացել։ Այս մասին փետրվարի 24-ին՝ «Հումանիտար արձագանքից մինչեւ կայուն որոշումներ» աշխատանքային գիտաժողովում ելույթ ունենալիս, ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նախարարի խոսքով՝ միակ օգնությունը, որը ստացել է Հայաստանը, ՄԱԿ գրասենյակի աջակցությունն է, որն ամեն տարի ֆինանսական օգնություն է տրամադրում։ «Անհրաժեշտ է իհարկե առանձնացնել Քուվեյթին, Ավստրիային եւ Ռուսաստանին, որոնք տարբեր միջոցներով աջակցել են մեր սիրիացի հայրենակիցներին»,- հավելել է Հակոբյանը եւ նշել, որ սիրիահայերի առաջ երկու խնդիր կա՝ բնակարանի եւ զբաղվածության խնդիրը։ «Սակայն Հայաստանն ի վիճակի չէ լուծել դրանք միայնակ, այդ նպատակով մեր երկիրը համագործակցում է միջազգային կազմակերպությունների, դոնոր պետությունների, սփյուռքի կազմակերպությունների հետ»,- նշել է նախարարը։