Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդը մարտի 3-ից կսկսի բովանդակային քննարկումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ով նույնպես ներգրավված է փետրվարի 10-ին ստեղծված խորհրդի կազմում:
«Առաջին նիստը կայացել է արդեն, կազմակերպական հարցեր ենք քննարկել: Մարտի 3-ին կայանալիք նիստում արդեն կանցնենք բովանդակային քննարկման»,- ասաց Գագիկ Ղազինյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 10-ին հրամանագիր է ստորագրել նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ ստեղծելու մասին:
Խորհուրդը քննարկելու եւ օրենսդիր մարմնի հաստատմանն է ներկայացնելու Սահմանադրական հանրաքվեից հետո փոփոխման կարիք ունեցող օրենքների ցանկը։
Խորհրդի նախագահն է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, կազմում են Դավիթ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը, Գեւորգ Կոստանյանը, Գագիկ Ղազինյանը եւ այլք։





























