Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» («Մայն կամպֆ») գրքի նոր հրատարակությունը, որը լույս է տեսել հունվարի 8-ին, Գերմանիայում վաճառքների թվով հիթ է դարձել, տեղեկացնում է The Washington Post-ը: Նացիստների առաջնորդի քաղաքական մանիֆեստը Der Spiegel-ի գիտահանրամատչելի բեսթսելլերների հեղինակավոր աղյուսակում երկրորդ տեղն է զբաղեցնում:
Հաղորդվում է, որ ներկայիս հրատարակությունը էականորեն տարբերվում է Հիտլերի բնօրինակից: Գիրքը փորձագետների բազմաթիվ քննադատական դիտարկումներ է պարունակում, որպեսզի ապամիֆականացվի տեքստը եւ ընդգծվի Հիտլերի գաղափարախոսության կործանարար բնույթը, տեղեկացնում է Gazeta-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ»-ը Գերմանիայում վերահրատարակվել է 70 տարվա ընթացքում առաջին անգամ: Գրքի հրատարակումը հնարավոր է դարձել հեղինակի մահվան 70-րդ տարելիցի լրանալու շնորհիվ:
«Մայն կամպֆը» նացիստների առաջնորդի ինքնակենսագրականն է, որում նա նաեւ ներկայացրել է ԳՆՍԴԲԿ-ի գաղափարախոսության հիմնական սկզբունքները: Ռուսաստանում «Իմ պայքարը» ներառված է ծայրահեղական գրությունների ցուցակում, դրա տպագրությունը եւ տարածումն արգելված է:





























