Կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարող է շարունակել կուսակցական գծով գործունեությանը։ Աշոտյանը նման ակնարկ է արել փետրվարի 24-ին խորհրդարանում լրագրողների հետ զրուցելիս։

«Նախարարի պաշտոնը զբաղեցնելու 7 տարիների ընթացքում մամուլի հարցերի 70 տոկոսը քաղաքական է եղել, եւ այդտեղ մենք պարտադիր շարունակելու ենք շփվել»,- վստահեցրել է Աշոտյանը։ Հարցին, թե նա ինչ է նկատի ունեցել ասելով, որ իր նոր աշխատանքը հնից 1 կմ շառավղի վրա է լինելու, եւ արդյոք նա ՀՀԿ գրասենյակն է  նկատի ունեցել, Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Սպասեք։ Շուտով ամեն բան կիմանաք»։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան սպասվում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստորագրումը։ Նախարարի պաշտոնում Աշոտյանին պետք է փոխարինի դաշնակցական Լեւոն Մկրտչյանը։