Համբերատար կանայք բջիջների մակարդակում ավելի դանդաղ են ծերանում, քան նրանց անհամբեր հասակակիցները: Ըստ The Economic Times-ի, այսպիսի եզրահանգման են եկել Սինգապուրի գիտնականները:
Սինգապուրի պետական համալսարանի աշխատակիցների անցկացրած հետազոտությունն առաջինն է իր տեսակի մեջ, որը փորձել է կապ գտնել բջիջների ծերացման եւ անհամբերության կամ համբերատարության դրսեւորում պահանջող որոշումների ընդունման միջեւ:
Հետազոտության ընթացքում 1158 երիտասարդ առողջ չինուհու համբերատարության մակարդակը փորձելու համար մասնագետները հայտնի վարքագծային տնտեսագիտական խաղ են առաջարկել. հարկավոր է եղել ընտրություն կատարել անմիջապես 100 դոլար ստանալու կամ ավելի ուշ ավելի մեծ գումար ստանալու միջեւ:
Ըստ Informing-ի, դրանից հետո հետազոտողները վերլուծել են փորձի մասնակիցների բջիջների մակարդակը եւ հետաքրքիր օրինաչափությունն նկատել. անհամբեր չինուհիների քրոմոսոմների վերջույթները՝ տելոմերները, ավելի կարճ են եղել, քան նրանց համբերատար հասակակիցների մոտ:
Վաղուց է հայտնի, որ օրգանիզմի ծերացման գործընթացում տելոմերները կրճատվում են: Որքան ավելի է մեծանում մարդը, այնքան ավելի կարճ են դառնում տելոմերները:




























