Ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ ՀՅԴ-ի համար մեկնարկել է մի գործընթաց, որը պատասխանատվության նոր փուլ է նախատեսում։ Այս մասին փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ «Քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը» բավական մանրամասն ներկայացնում է այն ոլորտները, որոնք ընկած են լինելու երկու քաղաքական ուժերի գործունեության հիմքում։ «Դրան է ուղղված լինելու ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների հետագա աշխատանքային ուշադրությունը։ Հետեւողական բարեփոխումները կվերաբերեն տարբեր պետական եւ հասարական ոլորտներին»,- նշել է Զաքարյանը։
Պատգամավորը նշել է, որ քաղաքական առումով այդ համաձայնագիրը երկարատեւ ժամանակաշրջանի է վերաբերում։ «Հասկանալի է, որ դրված խնդիրները երկարատեւ համատեղ աշխատանք են պահանջելու։ Այս կոալիցիան յուրահատուկ է այն առումով, որ ըստ էության, իշխող քաղաքական ուժը կոալիցիայի կարիք չուներ։ Սակայն ստեղծված իրավիճակը եւ նոր մարտահրավերների հավանականությունը հանգեցնում են նրան, որ քաղաքական դաշտում քաղաքական ուժերի երկարաժամկետ համագործակցություն է պետք»,- ասել է պատգամավորը եւ նշել, որ այդ իմաստով ՀՅԴ-ն կարող է լավ գործընկեր լինել»





























