Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը միանում է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությանը (ՏՀՏԳՄ):

Միության գլխամասային գրասենյակում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ ՏՀՏԳՄ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը խոսել են կազմակերպությունների համագործակցության ընթացիկ եւ առաջիկա ծրագրերի մասին:

 ՏՀՏԳՄ-ն ստեղծվել է Հայաստանի ՏՀՏ մի շարք ընկերությունների նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ներկայացնելու ոլորտի գործատուների իրավունքներն ու պաշտպանելու նրանց շահերը: Միությունը հնարավորություն կտա ամրապնդելու ՏՀՏ ոլորտի գործատուների միջեւ փոխադարձ հարգալից վերաբերմունքը, աջակցելու ՏՀՏ ոլորտի եւ բիզնես միջավայրին վերաբերվող օրենսդրության՝ ոլորտի փոփոխվող պահանջներին համապատասխանեցմանը, նպաստելու փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, դրա գործունեության համար բարենպաստ պայմանների ձեւավորմանը, ինչպես նաեւ խթանելու ՏՀՏ ոլորտում ձեռներեցության զարգացմանն ու նոր կազմակերպությունների ստեղծմանը:

ՏՀՏ գործատուների միությունը կոչված է մեր երկրում այս ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր նախաձեռնելուն, ինչպես նաեւ նմանատիպ նախագծերի իրականացմանն աջակցելուն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անդամակցությունը ՏՀՏ գործատուների միությանը կօգնի միության անդամներին համադրել ջանքերը ռազմավարական ծրագրերի իրականացման ուղղությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես աջակցել է Հայաստանում տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված երկարաժամկետ լայնամասշտաբ ծրագրերին: Հաջողված նախագծերից են՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը, ՏՀՏ փորձարարական ուսումնական ծրագրի շրջանակում՝  հանրակրթական 5 դպրոցում «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» եւ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների ներդրումը, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ՏՀՏ ուսումնական ծրագրերի արդիականացումը, Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան եւ այլ ծրագրեր, որոնց համար մինչեւ 2016 թ. ներդրվել է շուրջ 735 միլիոն դրամ:

Միության գործունեության հիմնական թիրախներն են՝ ՏՀՏ եւ հարակից ոլորտների պահանջներին համապատասխանող կադրերի վերապատրաստումը, հանրակրթական, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ՏՀՏ կրթական ծրագրերի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, տեղի եւ արտասահմանյան ներդրողների համար գրավիչ պայմանների ստեղծմանը նպաստելը, ինչպես նաեւ բիզնես եւ իրավաբանական խորհրդատվության տրամադրումը:

ՏՀՏ գործատուների միությունը պատրաստվում է իր առջեւ դրված խնդիրները եւ նպատակներն իրականացնել՝ համագործակցելով ՀՀ կառավարության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ՏՀՏ եւ հարակից ոլորտներում գործող կազմակերպությունների, միջազգային կառույցների եւ գործակալությունների, այլ երկրների պետական, հասարակական եւ ՏՀՏ կառույցների հետ:

«Ինչպես յուրաքանչյուր կազմակերպություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի իր օրակարգը, առաքելությունն ու տեսլականը, համաձայն որոնց կայացվում են որոշումներ՝ Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին մասնակցության, ներգրավվածության մեթոդների եւ աստիճանի վերաբերյալ: Հետադարձ հայացքով գնահատելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ եւ մասնակցությամբ իրականացված ազգային նշանակության երկարաժամկետ ծրագրերի արդյունքները՝ մենք համոզվում ենք, որ նպատակներին առավել արդյունավետ եւ արագ կերպով հասնելու համար համագործակցությունը չափազանց կարեւոր է: ՏՀՏ  յուրաքանչյուր կազմակերպության մրցակցային առավելությունների մեկտեղումն ավելին է, քան առանձին առավելությունների գումարը: Ըստ մեզ՝ հենց դրանում է կայանալու ՏՀՏ գործատուների միության դերակատարումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՏՀՏ գործատուների միությունն իր գործունեության կարճ ժամանակահատվածում ապացուցել է, որ հանդիսանում է էֆեկտիվ կառույց ՏՀՏ ոլորտի համախմբման, գործատուների շահերի պաշտպանության, մասնագիտական կարողությունների ընդլայնման բնագավառում: Շատ պատվաբեր եւ  պարտավորեցնող է ՎիվաՍել-ՄՏՍ-ի անդամակցությունը մեր միությանը: Դա կնպաստի ոլորտի գործատուների կոնսոլիդացիային եւ նոր ուժ կհաղորդի միության կողմից իրականացվող ծրագրերին: Միությունը պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ում նպատակը ՏՀՏ եւ հարակից ոլորտների գործատուների շահերի պաշտպանությունն է, Հայաստանի ՏՀՏ ոլորտի թռիչքաձեւ եւ երկարատեւ զարգացումը,  համաշխարհային շուկայում իր ուրույն տեղի հաստատմամբ»,-ասել է միության նախագահ Արմեն Բալդրյանը։