Մենք անգիտակցաբար մեզ նման զուգընկերների ենք ընտրում: Այսպիսի եզրահանգման են եկել Ուելսլիի քոլեջի եւ Քանզասի համալսարանի մասնագետները:

Նույն մտածելակերպն ունեցողների հարաբերությունները սովորաբար ավելի երկար են տեւում: Հետազոտողներն ուսումնասիրել են տարբեր զույգերի, այդ թվում՝ սիրահարների եւ ընկերների, որոնք վերջերս են ծանոթացել կամ երկար ժամանակ գիտեն միմյանց: Այս մասին գրում է MedDaily-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:

Գիտնականները մոտեցել են փողոցում զրուցող մարդկանց եւ նրանց արժեքների, դատողությունների, անձնական հատկանիշների եւ վարքագծի մարտավարության մասին հարցեր տվել: Այնուհետեւ համադրել են արդյունքները՝ հասկանալու համար, որքան ընդհանուր բան ունեն ծանոթները, ընկերները կամ զուգընկերները: Հետազոտողներին հետաքրքրել է, արդյո՞ք միմյանց վաղուց ճանաչող մարդիկ ավելի շատ են նման, քան վերջերս ծանոթացածները:

Պարզվել է՝ այդպես չէ: Այսինքն՝ հարաբերություններն այդքան շատ չեն փոխում մարդուն: Եվ, հավանաբար, հարաբերությունների հետագա զարգացումը կախված է այն հանգամանքից, թե որքանով են մարդիկ ի սկզբանե նման իրար: Արդյունքում հետազոտողները հանգել են եզրակացության. մեզ նման մտածողություն ունեցողների հարաբերություններ կառուցելու մեր ձգտումն ավելի ուժեղ է, քան նախկինում էր համարվում: