Պետք չէ էներգետիկ հարցերը օգտագործել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բաժանարար գծեր անցկացնելու համար։ Այս մասին փետրվարի 25-ին խորհրդարանում ասել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին։

Պատգամավորը դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ 2013-2015թթ. ՀԷՑ-ը էներգիայի գնման պարտքեր է ունեցել, սակայն ռուսական կապիտալով կայաններին իրենց վճարումները հստակ կատարել են։ «Հիմա ու՞մ շահերն է պաշտպանել ՀԷՑ-ը՝ հայ սպառողի՞ թե ուրիշ մեկի»,- հարցադրում է արել Փաշինյանը։

Դրան ի պատասխան՝ Նազարյանը հաստատել է, որ ՀԷՑ-ի նախկին սեփականատերը  «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ-ի առաջ պարտքեր չի ունեցել, որը նույնպես «Ինտեր ՌԱՕ»-ի սեփականությունն էր։ Նման խտրական մոտեցման համար ՀԾԿՀ-ն օրենքով տուգանել է ՀԷՑ-ին։ «Սակայն պետք չէ անընդհատ էներգետիկ հարցերը օգտագործել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բաժանարար գծեր անցկացնելու համար։ Մեր հանձնաժողովը համանման է։ Ես Ձեզ ուրիշ օրինակ կբերեմ. նախկինում մենք սահմանին գազի համար վճարում էին 189 դոլար, իսկ 2015թ.՝ 165»,- ընդգծել է Նազարյանը։