Էվոլյուցիայի ընթացքում տարածական մտածողությունն ավելի լավ է զարգացել տղամարդկանց մոտ, իսկ խոսքային ունակությունները՝ կանանց: Սա պարզել է գիտնականների միջազգային խումբը: Մասնագետները վերլուծել են ինտելեկտի գենդերային տարբերությունները:

Հետազոտությանը մասնակցել է 2 հազար մարդ, այդ թվում՝ քույրեր եւ եղբայրներ, ինչպես նաեւ նույն կամ տարբեր սեռի երկվորյակներ: Նրանք պատասխանել են մի շարք հարցերի, այդ թվում՝ իրենց մանկության եւ դաստիրակության առանձնահատկությունների մասին:

Արդյունքում տարածությունում ֆիգուրների համադրության մասին թեստը տղամարդիկ ավելի հաջող են անցել, քան կանայք: Բայց այն աղջիկները, ովքեր երկվորյակ եղբայր են ունեցել, խնդիրն ավելի լավ են հաղթահարել, քան նրանք, ովքեր երկվորյակ քույր կամ պարզապես քույր եւ եղբայր են ունեցել:

Հետազոտողները ենթադրում են, որ տարածական մտածողության զարգացմանը տղայի սպասող հղի կանանց մոտ նպաստում է արյան մեջ տեստոստերոնի բարձր մակարդակը: Տարբեր սեռի երկվորյակների պարագայում աղջիկը եղբոր հետ միասին այդ հորմոնի մեծ չափաբաժին է ստանում: