Իտալիայի կառավարությունը հինգշաբթի երեկոյան Սենատում ստացել է ազգային խորհրդարանի վստահությունը նույն սեռի երկու անձանց միջեւ քաղաքացիական միության ինստիտուտի հաստատման օրինագծի կապակցությամբ։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 173 սենատոր, դեմ՝ 71-ը։

Սենատի կողմից հավանություն ստանալուց հետո քաղաքացիական միությունների մասին օրինագիծը կքննարկվի Պատգամավորների պալատում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Օրինագծի հիմնական դրույթը նույն սեռի անձանց միջեւ այսպես կոչված քաղաքացիական միության ինստիտուտի հաստատումն է։ Ընդ որում, ամուսնության եւ նոր միությունների միջեւ հստակ իմաստաբանական տարբերություն կա։

Ըստ էության, օրինագծով նախատեսվում է նոր ընտանեկա-իրավական ինստիտուտ սահմանել, որը տարբերվում է ավանդական ամուսնությունից, սակայն համարժեք է նրան։