Այսօր ստեղված է մի վիճակ, երբ ծնողները չեն ուզում իրենց երեխաներին ավագ դպրոց ուղարկել, ինչն անթույլատրելի է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել էԿԳ նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը խորհրդակցությունը սկսել է հանրապետությունում ընթացող կառավարման ոլորտի բարեփոխումներով պայմանավորված համակարգային նոր մշակույթի կարեւորմամբ.
«Սահմանադրության փոփոխություններից հետո մեր պետությունը թեւակոխել է պետական համակարգի փոփոխությունների ակտիվ փուլ, որն ենթադրում է կառավարման ավելի արդյունավետ մշակույթի ներդրում: Հանրապետության նախագահի վերջին ծրագրային ելույթում շատ հստակ ուղենիշներ դրվեցին առաջիկա տարիների համար: Դա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության նոր ծրագրային փաստաթուղթն է, որը դրվելու է մեր աշխատակարգի հիմքում: Կրթական համակարգի ծրագրային բարեփոխումները պետք է իրականացվեն նոր աշխատակարգով: Ովքեր կարող են եւ պատրաստ են այդ աշխատակարգի պահանջով առաջնորդվել կշարունակեն իրենց նպաստը բերել կրթական համակարգի զարգացմանը»,- նշել է Լեւոն Մկրտչյանը, շեշտելով, որ խորհրդակցության մասնակիցներից շատերը կրթական համակարգում անցել են երկար ճանապարհ եւ ունեն մեծ ներդրում համակարգի ստեղծման գործում:
Նախարարը մեկ անգամ եւս շեշտել է, որ աշխատանքի գնահատման միակ չափանիշը լինելու է պրոֆեսիոնալիզմը. «Դժվարությամբ իրականացված բարեփոխումների ընթացքում մենք կարողացանք կրթական համակարգի արտաքին տեսքը ստեղծել, ժամանակն է, որ մտածենք բարեփոխումների ձեւի մեջ բովանդակություն ներդնելու մասին: Կրթական հիմնական բարեփոխումները եղել են համապատասխանության եւ որակի ծրագրեր: Համապատասխանության խնդիրը, գուցե որոշակի բացթողումներով, սակայն լուծել ենք, այժմ մենք խնդիր ունենք տարիների ընթացքում ստեղծված բարեփոխումների գործիքակազմին տալ իմաստ, այլապես դրանք կարող են կորցնել իրենց իմաստը»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ կրթության որակի խնդիրը բովանդակային լուրջ աշխատանք եւ համատեղ ջանքեր է պահանջում:
Նախարարն առանձին անդրադարձել է կրթության բոլոր աստիճաններին` մանրամասնելով հանրակրթության, միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները: Լ. Մկրտչյանն այս համատեքստում հատուկ ընդգծել է հանրակրթության ոլորտում ավագ դպրոցների, բարձրագույն կրթության ոլորտում մագիստրոսի ծրագրի արդյունավետության բարձրացումը. «Մենք ունենք մի վիճակ, երբ ծնողները չեն ուզում իրենց երեխաներին ավագ դպրոց ուղարկել: Սա անթույլատրելի է: Խնդիր ունենք նաեւ մագիստրատուրայում, մասնավորապես, պետք է հստակեցնենք ինչով են տարբերվում բակալավրի եւ մագիտրոսի կրթական ծրագրերը եւ դրանց համապատասխանությունն աշխատաշուկայի պահանջներին, այլապես բարձրագույն կրթության աստիճանավորումը կորցնում է իր արժեքը»,- ընդգծել է Լեւոն Մկրտչյանը` հավելելով, որ որպես ԵՊՀ դասախոս անձամբ է զգացել կրթական բարեփոխումների որոշ հետեւանքները կրթության որակի վրա:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ կրթական համակարգի կառուցվածքային, համակարգի ֆինանսավորմանը, առանձնացված ստորաբաժանումների աշխատանքին եւ բազմաթիվ այլ հարցերի:





























