ԼՂՀ կառավարությունը հանձն է առնում նաեւ փախստականների բնակարանային պայմանների բարելավման գործը, քանի որ սա նաեւ նրանց պետությունն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Ադրբեջանից բռնագաղթած փախստականների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:

ԼՂՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը տեղեկացրել է, որ, հանրապետության նախագահի հանձնարարականով, կառավարությունը պատրաստվում է փախստականների բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ կոնկրետ ծրագիր իրագործել:

«ԽՍՀՄ վերջին տարիներին խորհրդային Ադրբեջանում հարյուր հազարավոր հայեր ջարդերի եւ բռնաճնշումների են ենթարկվել, որոնց միջազգային պատշաճ դատապարտման ու իրավական գնահատական տալու գործում դեռեւս ճանապարհ ունենք անցնելու: Բռնաճնշումների հետեւանքով, ադրբեջանաբնակ հայության մի հատված տեղափոխվեց Արցախ՝ դառնալով մեր հասարակության լիարժեք մասնիկ: Տարիներ անց, լուծելով սոցիալական առաջնահերթ խմբերի բնակարանային խնդիրները, այժմ կառավարությունը հանձն է առնում նաեւ փախստականների բնակարանային պայմանների բարելավման գործը, քանի որ սա նաեւ նրանց պետությունն է»,- ասել է վարչապետը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նախորդ տարիներին հանրապետությունում փախստականի կարգավիճակ է տրվել հազարավոր ընտանիքների, որոնց մի մասը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունի: Սակայն, ելնելով իրավիճակը լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտությունից, կառավարության ղեկավարն առաջարկել է փախստականների եւ նրանց բնակարանային խնդիրների լրացուցիչ հաշվառում կատարել:

Ըստ նախնական քննարկման՝ բնակարանային պայմանների բարելավման ծրագրից սկզբնական փուլում կօգտվեն  հաշմանդամություն ունեցող, սպայական անձնակազմի եւ բազմազավակ ընտանիքները: Բացի դրանից, կառավարությունն առաջիկայում կսկսի փոխհատուցել վարձով ապրող փախստական ընտանիքների վարձավճարը՝ նախքան նրանց բնակարաններ հատկացնելը:

Ա. Հարությունյանի խոսքով՝ շարունակվելու է  նաեւ հանրակացարաններում ապրող փախստականների բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը:

«Այս մասշտաբային կարեւոր ծրագիրը պետք է իրագործվի թափանցիկ միջավայրում՝ ձեզ հետ քննարկելով մանրամասները եւ ձեզնից ստանալով խնդիրների լուծման առաջարկներ: Այդ նպատակով առաջիկայում ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ կազմված փախստականների եւ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներից, որը ձեռնամուխ  կլինի նոր ծրագրի կարգի մշակմանը եւ իրագործմանը»,- նշել է Ա. Հարությունյանը՝ դիմելով ներկաներին:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է փախստականների ներկայացուցիչներին հուզող տարբեր հարցերի եւ մտքեր փոխանակել դրանց շուրջ: