Յոթ տարեկան իսրայելցի Օրի Գրինհուտը Իսրայելի հյուսիսում հնագիտական պեղումների վայրում զբոսնելիս փոքրիկ կավե արձանիկ է հայտնաբերել որը, ինչպես պարզվել է, մոտ 3,5 հազար տարեկան է, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով «Ջերուզալեմ պոստ» թերթին:
Թերթի տվյալներով, տղան արձանիկը մայրիկին է նվիրել, սակայն նա որդուն բացատրել է, որ դա հին իր է, այդ պատճառով անհրաժեշտ է այն հանձնել Իսրայելի հնագիտության վարչությանը: Այդ տեսչության աշխատակիցները տղային շնորհակալություն են հայտնել եւ խրախուսել են գտածոյի համար:
Որոշ հետազոտողների կարծիքով, արձանիկը կարող է պտղաբերության աստվածուհու պատկերը լինել, որը հայտնի է Աստվածաշնչից եւ քանաանյան աղբյուրներից: Դրա պաշտամունքն Իսրայելում հայտնի էր մթա X-ից VIII դարերում: Աստարտան Միջագետքի սիրո եւ իշխանության Իշտար աստվածուհու հունական տարատեսակն է: Պաշտամունքի արմատները հասնում են Հին Միջագետքի ժամանակաշրջան, որում սեմական ցեղերը, շումերների կրոնական ավանդույթներին հաղորդակցվելով, ընդունեցին գլխավոր աստվածությունների կերպարները եւ նրանց ներառեցին իրենց պանթեոնում:





























