Instagram-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Քեւին Սիսթրոմը Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապին: Հանդիպումից հետո նա լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանության մեջ պատմելով Պապի հետ զրույցի մասին:

«Մենք խոսեցինք լուսանկարների ուժի մասին, որոնք միավորում են տարբեր մշակույթ ունեցող, տարբեր լեզուներով խոսող մարդկանց: Դա իմ կյանքի ամենահիշարժան պահերից էր»,- գրել է Սիսթրոմը:

Ըստ Gazeta-ի, Instagram-ի ղեկավարը Հռոմի Պապին գիրք է նվիրել, որում լուսանկարի միավորող ուժն արտացոլող 10 նկար է հավաքված: Դրանց թվում են Մերձավոր Արեւելքի միգրանտների, Արկտիկայում կլիմայի փոփոխությունների հետեւանքների, ինչպես նաեւ 2015 թվականին Նեպալում գրանցված երկրաշարժի ժամանակ արված լուսանկարներ: