Լոռու մարզի Վահագնի գյուղում հրկիզել են Կախյանների առանձնատունը: NEWS.am-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 27-ի առավոտյան ժամը 7.30-ի սահմաններում փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ  Վահագնի գյուղում երկհարկանի առանձնատուն է այրվում: Դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարելուց հետո ներսում հայտնաբերվել է ինքնաձիգ, նաև փամփշտակալ:

Մեր տեղեկություններով այրվել է երկու սենյակն ամբողջությամբ: Բնակարանը պատկանում է օրեր առաջ՝ փետրվարի 22-ին, Վահագնի գյուղում 42-ամյա տղամարդուն սպանելու մեջ կասկածվող Արմեն Կախյանին:

Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արա Կարապետյանի գլխավորությամբ, փորձաքրեագետներ, քննիչներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզի Վահագնի գյուղում փետրվարի 22-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել. գիշերը ժամը 1:30-ից 2.00-ն ընկած ժամանակահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Վահագնի գյուղի գլխավոր փողոցում, որն ավարտվել է սպանությամբ: Գլխի շրջանում ստացված վնասվածքից մահացել է նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Քոչինյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ սպանվածն ու սպանությունը կատարելու մեջ կասկածվողը՝ Արմեն Կախյանը, համագյուղացիներ են, տարիներ առաջ մտերիմ ընկերներ են եղել, միասին աշխատել են ՌԴ-ում, ապա ինչ-որ ֆինանսական հարցերի շուրջ անհամաձայնություններ են եղել, որն էլ վերածվել է թշնամանքի:

Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Արմեն Կախյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նշենք, որ Կախյանի ընտանիքը (7 մարդ), այդ թվում կանայք ու երեխաներ, դաժանաբար սպանվել էին 2000թ-ին: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ առաջիկայում

Սպանություն Լոռու մարզում. կասկածյալի ընտանիքի 7 անդամները սպանվել են 16 տարի առաջ