Հայաստանի առջեւ այսօր կանգնած մարտահրավերների տեսակետից ՀՀԿ –ի ու ՀՅԴ-ի քաղաքական համագործակցությունը որոշակի արդյունքներ կտա: Այս մասին հայտնել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը փետրվարի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն նույն մոտեցումն ունեն՝ ստեղծել ուժեղ պետություն, որն ունակ է լուծել ազգային խնդիրները: «Այս տեսակետից ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն ընդհանրություններ ունեն: Մենք պետական կառույցների կայացման խնդիր ունենք: Տարածաշրջանում իրավիճակը պահանջում է, որ մեր քաղաքական դաշտում տարբեր ուժեր գոյություն ունենան»,- նշել է Լեռնիկ Ալեքսանյանը: ՀՀԿ-ին, շարունակել է նա, շատ են քննադատում այն բանի համար, որ նա խորհրդարանում 50 տոկոս ձայն ունի ու նրան կոալիցիա պետք չէ: «Սակայն երկրում քաղաքական կայունություն պահպանելու համար լրացուցիչ քաղաքական ռեսուրսներ են պետք», հավելել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Հայաստանի նախագահի նստավայրում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ ստորագրվել է «Քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր»: Էկոնոմիկայի, կրթության ու գիտության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարների պաշտոնները փոխանցվել են ՀՅԴ-ին: