Ադրբեջանում ապրում են բնիկ ժողովուրդներ, որոնց հետ պետք է աշխատանք տանել եւ բարեկամություն հաստատել, հասկացնել, որ մենք թշնամիներ չենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, «Ադրբեջանական հանրապետության բնիկ ժողովուրդները, իրականություն եւ հեռանկար» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ նշել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նրա խոսքով, ներկայումս Ադրբեջանում ապրում են մեծաթիվ բնիկ ժողովուրդներ՝  լեզգիներ, թալիշներ, ավարներ, որոնց հետ պետք է երկխոսություն հաստատել:

Արա Պապյանը նշել է, որ պետք է բարձրացնել այդ ժողովուրդների ինքնագիտակցությունը, գրքեր տպագրել, ցույց տալ, որ Ադրբեջանում իրենք ճնշված են, որ իրենց թույլ չեն տալիս զարգանալ:

Նրա խոսքով, Ադրբեջանում բնիկ ժողովուրդների թվի մասին պաշտոնական հստակ վիճակագրություն չկա. «Ըստ Ադրբեջանի՝ թալիշները 200 հազար չկան, ամերիկյան տվյալներով, թալիշները 500 հազար են, իսկ թալիշներն իրենց մինչեւ երկու միլիոն են հաշվում»,-ասել է Պապյանը:

Ինչ վերաբերում է լեզգիներին, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարը նշել է. «Գենետիկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեզ գենետիկորեն ամենից մոտիկ են լեզգիները, որովհետեւ լեզգիները աղվանների ժառանգներն են: Մենք մի քանի հարյուր տարի առաջ ապրել ենք միասնաբար, հետո եկել են գրավել են Արեւելյան Անդրկովկասը, այս մարդկանց իրենց են ենթարկել եւ այդ մարդիկ այսօր ակամայից մեր դեմ են կռվում ու դարձել են թշնամի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ գնալով այդ ժողովուրդների մեջ ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք հասկանում են, որ մենք բարեկամ ժողովուրդներ ենք, որ իրենց ճնշողն Ադրբեջանն է: