Նովոսիբիրսկի շրջաններից մեկի նախկին բուժհիմնարկի տարածքում գործել է հրուշակեղենի եւ հացաբուլկեղենի մի արտադրամաս, որտեղ օտարերկրացիներ են աշխատել։

Միգրացիոն ծառայության աշխատակիցները ձերբակալել են 25 մարդու։ Նրանցից 10-ը Հայաստանի, 11-ը՝ Ղրղըզստանի քաղաքացիներ են։ Մնացածները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։

Պարզվել է նաեւ, որ արտադրամասի ներսում է գտնվում օտարերկրյա քաղաքացիների կեցության համար նախատեսված տարածքը։ Անձնագրային ռեժիմի ստուգման ժամանակ հայտնի է դարձել, որ նրանք Ռուսաստանում գտնվում եւ աշխատում են ապօրինաբար։ Նրանցից յուրաքանչյուրն ամսական 10 հազար ռուբլի է վաստակել։

Արտադրամասում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել. տորթերը եղել են կեղտոտ հատակի վրա, շուրջբոլորը չլվացված տարաներ եւ հակասանիտարական վիճակ։ Պարզվել է, որ արտադրամասի խմորեղենները առաքվել են Նովոսիբիրսկի մեծ առեւտրային ցանցեր եւ խանութներ։

Բոլոր օտարերկրյա քաղաքացիները վարչական պատասխանատվության են ենթարկվել։