Ստավրոպոլի դատարանը սկսել է քննել «ՎԿոնտակտե» սոցցանցի օգտատեր Վիկտոր Կրասնովի գործը, որին մեղադրում են հավատացյալների զգացմունքները վիրավորելու մեջ: Այս մասին հայտնել է «Ագորա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Պավել Չիկովը:
2014թ. աշնանը սոցցանցում մեկնաբանողների միջեւ ծագած վիճաբանության ժամանակ Կրասնովը ժխտել էր Աստծու գոյությունը ու Աստվածաշունչն անվանել «հրեական հեքիաթների ժողովածու»: Դրանից հետո բանավեճի երկու մասնակիցները նրա դեմ բողոք են ներկայացրել ոստիկանություն, հայտնում է Lenta–ն:
Քննչությունը տղամարդուն ստիպել է մեկ ամիս հարկադիր փորձաքննություն անցնել հոգեբուժարանում, որի արդյունքներով նա մեղսունակ է ճանաչվել, հայտնում է «Գրանի. Ռուն»:Դատական փորձաքննության հյուսիսկովկասյան կենտրոնի լեզվաբանները հանգել են այն եզրակացության, որ Կրասնովի խոսքերը չէին կարող վիրավորել մարդուն՝ ըստ նրա կրոնական պատկանելիության, բայց կարող էին վիրավորել հավատացյալների զգացմունքները:
2015 թ. վերջին Քննչական կոմիտեն Կրասնովին առաջադրել է մեղադրանք հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար:
Մեղդրյալն էլ իր հերթին բողոքել է անանուն սպառնալիքներից ու իրավապահ մարմինների աշխատակիցների ճնշումներից:





























