«Լոս Անջելես Թայմս»-ն արձագանքել է Սուրբ Խաչի արարողությանը:

ԱՄՆ-ի «Լոս Անջելես Թայմս»-ն արձագանքելով Աղթամար կղզում երեկ` սեպտեմբերի 19-ին իրականացված արարողությանը գրում է. «Հակառակ Սփյուռքի բոյկոտի կոչերին հարյուրավոր հայեր մասնակցեցին Աղթամար եկեղեցու արարողությանը»:

CNN-TURK-ի այսօրվա համարում Սարաջօղլու-Դարագահիի ստորագրությամբ լուրում նշվում է, որ հակառակ Սփյուռքի կոչերին «ստամբուլահայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաեւ հարյուրավոր ուխտավորներ Պարսկաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ -ից եւ Գերմանիայից  այցելեցին Վան»:

Թերթը գրում է, որ 95 տարի ընդմիջումից հետո  իրականացվող արարողությունը մեկնաբանվեց որպես «Էրդողանի կառավարության անցյալի վերքերը կապելու ջանք», իսկ որոշների կողմից` «պատմության ընթացքում իրականացված բռնությունից մաքրազտվելու փորձ» կամ «երկրի ներքին եւ արտաքին հարցերին վերաբերելու ավելի շնորհալի եւ պատրաստ կառավարության ժեստ»:

«Լոս Անջելես Թայմսի» հոդվածում տեղ է գտել նաեւ խաչի տեղադրման հետ կապված բանավեճեր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում գրեթե հարյուրամյա դադարից հետո պատարագ է մատուցվել: Թուրքական իշխանությունները, սակայն, խաչ չեն տեղադրել եկեղեցու գմբեթին: Խաչը բերվել եւ տեղադրվել է եկեղեցու հարեւանությամբ: Դա պատճառ է դարձել, որ բազմաթիվ հայեր հրաժարվեն այցելել կղզի: Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն հայտնել է, որ Վան այցելելու ցանկություն հայտնածների 90 տոկոսը հրաժարվել է իր մտքից՝ խաչը չտեղադրելու որոշումից հետո:

Հատկանշական է, որ հայ լրագրողների մի խումբ պատարագի ժամանակ փայտե խաչեր է բարձրացրել ի նշան բողոքի խաչը չտեղադրելու որոշման դեմ:

Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ավարտված պատարագին մասնակցել է միայն Պոլսո Հայոց պատրիարքարանը: Հոգեւոր մյուս կենտրոնները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն է: Հարկ է նշել, որ նույն պատճառով կրոնական արարողությանը հրաժարվել են մասնակցել նաեւ հայ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ, չնայած նրանց Թուրքիայի վարչապետն անձամբ է հրավիրել պատարագին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարել են, որ քանի դեռ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվել, եկեղեցին վերականգնված համարել չի կարելի: