50 տարի առաջ այս օրը երեւանյան ծննդատներից մեկում ծնված միակ տղան մարտի 8-ի «զոհը» դարձավ: Ծնված 16 աղջիկներից հետո ծնվեց Վարդան Ստեփանյանը (Դուշման Վարդանը) եւ բժիշկը օրվա խորհուրդը «չփչացնելու» համար խնդրեց նրա ծնողներին ծննդականում ծնված օրը գրանցել մարտի 9-ը: NEWS.am-ի հետ զրույցում Դուշման Վարդանի քույրը` Արմենուհի Ստեփանյանը, նշեց, որ Վարդանը սովորություն ուներ երկու օրն էլ նշել իր տարեդարձը` մի օր հարազատների հետ, մյուս օրը` ընկերների:

«Մարտի 8-ին է ծնվել, բայց քանի որ այդ օրը 16 աղջիկ է ծնվել,  խնդրել է, որ ծննդյան օրը ծննդականում գրի մարտի 9-ին: Վարդանը տան մեծ երեխան էր, սիրում էր երկու օրն էլ նշել իր ծնունդը: Մենք բոլոր ավանդույթները պահպանում ենք` ինչ-որ Վարդանն է սիրել, նրա սովորույթները մենք ավանդույթների ենք վերածել»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ ազատամարտի հերոս, Ազատամարտիկ Վարդան Ստեփանյանը (Դուշման Վարդանը)` այսօր մարտի 8-ին, կդառնար 50 տարեկան: «Եռաբլուր» պանթեոնի կամարի մոտից այսօր հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, ազատամարտիկներն ու ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները երթով շարժվեցին եւ ծաղիկներ դրեցին հերոսի շիրիմին: