Ընտրական նոր օրենսգիրքն ապահովում է ոչ թե իշխող «Հանրապետական» կուսակցության վերարտադրությունը, այլ բխում է նոր Սահմանադրության պահանջներից եւ հասարակության շահերից: Այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ընտրական գործընթացում շարունակում է մնալ հասարակության վստահության պակասը: Ընտրական նոր օրենսգիրքը, ըստ նրա, բարձրացնում է վստահությունը՝ ընտրությունները դարձնելով ավելի թափանցիկ. «Նոր Սահմանադրությունը եւ նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն են տալիս քաղաքական ուժերին՝ միավորվելու ընդհանուր գաղափարի շուրջ եւ ներկայացնելու գաղափար-ծրագիր»:

Լրագրողների այն հարցին, թե ինչ պետք է անի իշխանությունը, որ հասարակության վստահությունը վերականգնվի, Ռուզաննա Մուրադյանը պատասխանեց, որ միայն Ընտրական օրենսգիրքն այդ հարցը չի լուծի. «Դրա համար երեք բան է անհրաժեշտ՝ Ընտրական օրենսգիրք, իշխանության քաղաքական կամք եւ հասարակության քաղաքացիական մոտիվացիա»:

Հայաստանի գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը մինչդեռ կարծում է, որ Հայաստանը կրկնօրինակում է Ռուսաստանին:

«Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հավատարիմ վասալ, կրկնում է ռուսական մոդելը, այսինքն «матрешка» է ստեղծվում, որտեղ մի մեծ քաղաքական ուժ է լինելու եւ նրանից դուրս եկած փոքրիկ կուսակցություններ»,- ասաց Ազատ Արշակյանը:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ: