Արցախյան ազատամարտի մասնակից, «Մեծն Տիգրան» աշխարհազորային ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանի համար հայրենիքի համար մեռնելը պատիվ էր, հողը հանձնելը՝ անհնար:
Ազատամարտիկի զինակից ընկերները պատմում են, որ անգամ ամենադժվարին պահերին՝ շրջափակման ժամանակ, հրամանատարը պահանջում էր մինչեւ արյան վերջին կաթիլը պայքարել հայրենիքի համար՝ իր փորձով օրինակ ծառայելով զինակիցներին: Սմբատ Այվազյանի զինակից ընկերներից Մարտին Սարգսյանը հիշեց Շահումյանի շրջափակման դեպքը:
«Շահումյանը շրջափակման մեջ էր, ռուսներն օգնում էին ադրբեջանցիներին: Վերեւից հրաման դուրս եկավ, որ պետք է թողնենք Շահումյանը, բայց հրամանատարներ Սմբատ Այվազյանն ու Արմեն Արմենակյանը որոշեցին, որ մինչեւ արյան վերջին կաթիլը պետք է կռվել ու պայքարել Շահումյանի համար»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մարտին Սարգսյանը:
Վերջինի խոսքով՝ «Մեծն Տիգրան» ջոկատում ընդունված չէր պատմել մարտական սխրագործություններն ու պարծենալ դրանցով՝ հրամանատարն էր այդպես պահանջել: Հրամանատարի պահանջը զինակից ընկերները կատարում են առ այսօր:
«Պատերազմից հետո պատմելու ոչինչ չունեմ, որովհետեւ այն ինչ արվել է,այն հաղթանակը, ազատագրված հողը, որ ձեռք է բերվել՝ ժողովրդինն է: Մեր ջոկատում ընդունված էր՝ ոչ մեկն իր սխրանяը գովաբանության չէր արժանացնում, որովհետեւ դա ազգի համար էր, անկախացման համար էր»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ քաղաքական եւ հասարակական գործիչ, արցախյան ազատամարտի հերոս Սմբատ Այվազյանը մարտի 10-ին կդառնար 57 տարեկան: Նրա զինակից ընկերներն ու հարազատներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ նրա շիրիմին:
«Նա հայրենիքի իսկական նվիրյալ էր, երբ կռիվը սկսվեց, նա գնաց Ղարաբաղ ու մինչեւ կռվի ավարտը մնաց Ղարաբաղում: Միշտ ասում էր՝ հաղթելու ենք, ու հաղթեց. իր ղեկավարած «Մեծն Տիգրան» ջոկատով մասնակցելով Շուշիի ազատագրմանը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սմբատ Այվազյանի քույրը՝ Ռուզաննա Այվազյանը:
Զինակից ընկերների խոսքով՝ արցախյան ազատամարտի հերոս լինելուց բացի Սմբատ Այվազյանը նաեւ պետականակառույց մարդ էր:





























