Ռոբերտ Արզումանյանին մեղադրելը ամենամեծ զրպարտությունն է: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշել է «ԲՄԱ - Էներգիա» թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականից իր նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանի հեռանալուն: 

Ալեքսանդր Գրիգորյանը Ռոբերտ Արզումանյանին մարզել է 2012-ին «ԲՄԱ -Էներգիայում»:

«Ես կարծում եմ, որ Ռոբերտին մեղադրելը ամենամեծ զրպարտությունն է: Ես նրան շատ լավ եմ ճանաչում: Նա բյուրեղյա պարկեշտ տղա է: Այն, որ այս պահին Ռոբերտի եւ մյուս մեղադրվող տղաների կողքին ոչ ոք չկանգնեց, խոսում է այն մասին, որ Հայաստանում տեղի է ունենում մեկ մարդու դիկտատուրա: Ես չեմ ցանկանում մեղադրել ոչ ոքի: Հեշտ է վերլուծել եւ մեկնաբանել՝ չապրելով Հայաստանում: Գիտեմ՝ ով իր կարծիքը հայտնում է հետո գուցեեւ զղջում է: Բայց այնուամենայնիվ, նույնիսկ ես, աշխատելով Ռուսաստանում, միշտ իմ կարծիքն եմ հայտնում՝ գիտակցելով, որ գուցեեւ հետո զղջամ»:

Գրիգորյանի խոսքով, տղամարդը հենց դրա համար էլ ստեղծված է, որպեսզի պնդի եւ պայքարի իր կարծիքի համար, եւ չթողնի որպեսզի վիրավորեն արժանի մարդկանց: «Ես վստահ եմ, որ տղաների հասցեին հնչած հայտարարությունները զրպարտություն են, իսկ զրպարտության համար քաղաքակիրթ աշխարհում դատում են: Ասվեց, որ նրանք դավաճանել են հավաքականին Ալբանիայի հետ խաղում: Իսկ ո՞ւր են ապացույցները: Թե՞ կարելի է ուղղակի այդպես մարդկանց մեղադրել:
Բոլորը ամեն բան շատ լավ էլ տեսնում են, բայց հասարակությունը լռում է: Ինչպիսի՞ ֆուտբոլ կարող է լինել Հայաստանում այսքանից հետո: Որտե՞ղ է մարդկանց արժանապատվությունն ու ինքնասիրությունը»,-ասաց նա:

Մարզիչը նաեւ ընդգծել է, որ միշտ երազել է աշխատել հայկական ֆուտբոլում, թեեւ շատ լավ գիտի, որ այս խոսքերից հետո իր առջեւ դռներ կփակվեն: «Բայց լռել չի կարող: Չի կարող մի մարդ ամեն բան ղեկավարի, իսկ մյուսները ձեւ տան, թե ոչ մի բան չեն նկատում, ասես ծաղրածու են: Սա միջնադարը չէ: Եվ ինչո՞ւ ֆեդերացիայի նախագահը  կարող է մենակ վճռել մարդկանց ճակատագրերը: Նա ի՞նչ է, Աստվա՞ծ է: Հասկանում եմ, որ շատերը վախենում են եւ լռում: Ում մեղադրել են, նրանք էլ են լռում: Բայց ինքս հավատում եմ, որ մի օր հայկական ֆուտբոլում կգան լավ ժամանակներ, իսկ դրա համար պայքարող մարդիկ են պետք, որոնք հավատում են եւ հայկական ֆուտբոլի լավն են ցանկանում եմ» - ասաց Գրիգորյանը:

Վերա Մարտիրոսյան Vera&Football