Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Հունաստան:
Մինչ բարձր մակարդակի բանակցությունները, Սերժ Սարգսյանը Աթենքում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել:
Հունաստանի նախագահի նստավայրում ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Պրոկոպիս Պավլոպուլոսը առանձնազրույց են ունեցել: ՀՀ նախագահը եւ Պրոկոպիս Պավլոպուլոսը, ով մինչ նախագահի պաշտոնն ստանձնելը եղել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամ եւ բավականաչափ տեղեկացված է Հայաստանի վերաբերյալ կարեւորագույն հարցերին, քննարկել են միջպետական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ` միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, փոխշահավետ մի շարք կարեւոր ոլորտներում հայ-հունական գործակցության զարգացմանը, միջխորհրդարանական կապերին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր: Նախագահներն անդրադարձել են նաեւ միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի, ներկայացրել դրանց շուրջ երկու երկրների մոտեցումները, խոսել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների եւ դրանց զարգացման գործում բարեկամ Հունաստանի դերակատարության, Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Սիրիայում ստեղծված ճգնաժամի եւ դրա հետեւանքով առաջացած մարդասիրական աղետի, փախստականների ճգնաժամի հետեւանքների մասին, որն այսօր համաեվրոպական խնդիր է դարձել, իսկ Հունաստանի կառավարության համար՝ ամենօրյա լուրջ մարտահրավեր:
Առանձնազրույցից հետո, ի պատիվ պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով` անդրադառնալով բարձր մակարդակի հայ-հունական միջպետական հարաբերություններին, դրանց առավել սերտացման եւ փոխշահավետ բազմաթիվ ոլորտներում համագործակցության զարգացման ներուժին, ընդհանուր պատմությամբ եւ ավանդույթներով փոխկապակցված, երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ինչպես նաեւ այդ բարեկամության ամրապնդման գործում զգալի դերակատարություն ունեցող Հունաստանի հայ համայնքին: «Բարեկամ հույն ժողովրդի հյուրընկալության մասին վկայությունները հիշատակվում են դեռեւս մեծն Հոմերոսի «Ոդիսականում», այդուհանդերձ, հունական «քսենիան» մեզ՝ հայերիս, քաջածանոթ է ոչ միայն գրականությունից: Անծանոթին անօգնական չթողնելու պատգամին հավատարիմ՝ հարյուր տարի առաջ հույն ժողովուրդը ապաստան տվեց հայրենազրկված եւ անօթեւան մնացած հազարավոր հայերի: Եվ այսօր հպարտությամբ եմ նշում, որ արմատներ ձգելով Հունաստանում՝ հայ համայնքն ամրացավ ու ծաղկեց՝ իր ստեղծագործ ներդրումը բերելով Հունաստանի շենացմանն ու նպաստելով հայ-հունական միջպետական համագործակցության ամրապնդմանը:
Հյուրերի նկատմամբ նման վերաբերմունքն անչափ հարազատ է մեզ` հայերիս, սակայն, հյուրասիրության այս դրսեւորումը մեր ժողովուրդներին կապող միակ ընդհանրությունը չէ: Հայերն ու հույները ավելին են, քան բարեկամներ: Նրանք միմյանց փոխկապակցված են ընդհանուր պատմությամբ եւ ավանդույթներով:
Ներկայացնելով երկու հնագույն քաղաքակրթություն՝ հայ եւ հույն ժողովուրդները արարել են կողք կողքի՝ իրենց հետքը թողնելով համաշխարհային պատմության էջերում: Պայքարել են կողք կողքի՝ վաստակելով գոյատեւելու իրավունքը: Այսօր էլ, որպես համանման արժեքների ու բարոյականության կրողներ, հանդես են գալիս կողք կողքի՝ վաստակելով հարատեւելու ու բարգավաճելու իրավունքը: Այդ ժառանգության հիման վրա ենք այսօր շարունակում ամրապնդել հայ-հունական բարեկամությունը, որն արդեն 24 տարի է, ինչ միջպետական բնույթ է կրում:
Այսօր մենք ունենք հագեցած երկկողմ օրակարգ՝ քաղաքական գործուն երկխոսու-թյունից մինչեւ համագործակցություն կրթության եւ մշակույթի բնագավառներում: Սերտորեն փոխգործակցում ենք ռազմական ոլորտում: Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում Հունաստանը մեր կարեւորագույն գործընկերներից է: Պարբերական դարձած բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են տալիս ուրվագծել համագործակցության նոր հնարավորություններ: Ասածիս վառ վկայությունն իմ այս այցն է, որի հիմնական նպատակն է նոր մակարդակի բարձրացնել մեր տնտեսական համագործակցությունը՝ հիմնվելով առկա ներուժի վրա»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջարկել բաժակ բարձրացնել հանուն հայ եւ հույն ժողովուրդների դարավոր պատմության, հանուն ներկա բարեկամության եւ ապագա սերունդների հարատեւ համակեցության:
Ողջունելով ՀՀ Նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդգծել է, որ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հունաստան եւս մեկ անգամ ցույց է տալիս բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, մշակութային, երկու երկրների միջեւ հարաբերությունների եւ համագործակցության բարձր մակարդակն ու բացառիկ կարեւորությունը: Նշելով, որ հայերը եւ հույները միմյանց հետ կապված են ամուր պատմական, բարեկամական կապերով, նախագահ Պավլոպուլոսը շեշտել է, որ այսօրվա միջպետական հարաբերությունների հիմք դարձած այդ պատմական կապերն ամրապնդվել են դարերի ընթացքում` դժվարին պայմաններում. «20-րդ դարի սկզբներին երկու ժողովուրդները միեւնույն պատճառով տառապալից պահեր են ապրել, ինչպես վկայում է պատմությունը` թե՛ հայ ժողովրդի, թե՛ Պոնտոսի հույների, թե՛ Փոքր Ասիայի հույների նկատմամբ տեղի ունեցածը: Մենք չենք մոռանա 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Հպարտ ենք, որ Հունաստանն այն քիչ երկրներից էր, որ օթեւան տվեց տարագիր հայերին, նաեւ Հունաստանն առաջին երկրներից էր, որ ճանաչեց հայերի դեմ գործված ցեղասպանությունը, իսկ մյուս կողմից` Հայաստանի խորհրդարանը ճանաչեց պոնտոսցիների դեմ գործված ցեղասպանությունը: Պետք է հիշենք, պարո՛ն նախագահ, որ պատմական հիշողությունը կարեւոր է մարդկության հավաքական գիտակցության համար, կարեւոր է նաեւ մարդկության ապագայի տեսանկյունից: Հատկապես ներկայիս ճգնաժամային պայմաններում, երբ սեւ, մութ ամպեր են հավաքվել համաշխարհային հորիզոնում, պետք է հիշենք անցյալը, ոչ թե որպես ատելություն սերմանելու միջոց, այլ որպեսզի կարողանանք ապագայում խուսափել նման ողբերգություններից»,- ասել է Հունաստանի Նախագահը, ում տեսակետի հետ այս հարցում համակարծիք է եղել ՀՀ նախագահը` ընդգծելով, որ ցեղասպանությունը հիշելը եւ դատապարտելը հետագա ցեղասպանությունների կանխարգելման նպատակ ունի եւ փաստելու, որ մեր թշնամիներին չի հաջողվել իրականացնել մի ամբողջ ժողովրդի ոչնչացնելու իրենց ծրագիրը:
Հունաստանի նախագահը խոսել է զարգացման լայն հնարավորություններ եւ հեռանկար ունեցող հայ-հունական երկկողմ կապերի մասին, որոնք, նրա համոզմամբ, ավելի կամրապնդվեն ՀՀ մախագահի պաշտոնական այցի արդյունքում:
Նախագահ Պավլոպուլոսը բաժակաճառում հանգամանորեն անդրադարձել է իր երկրի արտաքին քաղաքականության մի շարք կարեւորագույն հարցերի` Հունաստան-Թուրքիա հարաբերությունների, Կիպրական հարցի, տարածաշրջանի մարտահրավերների, փախստականների խնդրի վերաբերյալ Հունաստանի դիրքորոշումներին: Այդ համատեքստում նա ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հունաստանի դիրքորոշումը, նշելով, որ Հունաստանն իր արտաքին քաղաքականության մեջ հետապնդում է միջազգայնորեն ընդունված օրենքների եւ նորմերի հիման վրա բոլոր հարցերի խաղաղ կարգավորման սկզբունքը եւ, անշուշտ, նույն տեսակետին է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը այդ հիմնախնդրի լուծման ամենահարմար հարթակն է: Հունաստանի նախագահի խոսքով, իր երկիրը կարեւորում է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը նաեւ տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսանկյունից:
«Վստահ եմ, պարո՛ն նախագահ, որ նկատի ունենալով այս մարտահրավերները, բոլորս մեր հնարավորությունների սահմաններում պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դիմագրավենք այս ճգնաժամները:
Ցանկանում եմ բաժակ բարձրացնել ու խմել անձամբ Ձեր եւ բարեկամ հայ ժողովրդի կենացը` մաղթելով ազգային իղձերի եւ նպատակների իրականացում, առաջընթաց բոլոր ոլորտներում»,-ասել է Հունաստանի նախագահը:
Հունաստան պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նաեւ հարցազրույց է տվել Հունաստանի հանրային հեռուստաընկերությանը:
Ավելի ուշ նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ Աթենքի Բյուզանդական եւ քրիստոնեական թանգարանում ներկա կգտնվի «Հայաստան.Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը, իսկ երեկոյան հանդիպում կունենա Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























