2010 թվականը լինելու է սփյուռքի հիմնախնդիրների անդրադարձի տարի։ Սեպտեմբերի 22-ին «Հայաստանի սփյուռքահայ շրջանավարտների համահայկական հավաքի» շրջանակներում կազմակերպված հանդիպմանն այս մասին հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Իսկ սփյուռքի գլխավոր խնդիրները, նախարարի խոսքով, ուծացումն է, արեւմտահայերենի ուսուցումը եւ տեղեկատվական անվտանգությունը։
Վերջին խնդրի հետ կապված, Հրանուշ Հակոբյանն ասաց, որ հոկտեմբերի 12-ին ԼՂՀ-ում Սփյուռքի հայկական 200 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում կլինի։
«Մենք գտնում ենք, որ հայ լրագրության համար գլխավոր խնդիր է դարձել տեղեկատվական անվտանգությունը»-նշեց Հակոբյանը՝ շարունակելով. «Չպետք է գնանք ադրբեջանցիների կամ թուրքերի հետեւից։ Նրանք կեղծեն, խաբեն, հակահայկական քարոզչությամբ զբաղվեն, իսկ մենք հետեւներից փորձենք հերքել, մաքրել եւ այլն»։
Սփյուռքի նախարարն անդրադարձավ նաեւ 2011 թվականի անելիքներին։
«Մենք որոշեցինք 2011 թվականը համարել սփյուռքի միջազգայնացման տարի։ Կարծում ենք, որ ընդհանրապես սփյուռքը որպես հասկացություն պետք է սահմանվի միջազգային կառույցների կողմից։ Պետք է սահմանվեն սփյուռքի իրավունքները, պարտականությունները, մարտահրավերները»,-ասաց Հրանուշ Հակոբյանը։ Վերջինիս հավաստմամբ, նախատեսվում է գումարել համաժողով, որին կհրավիրվեն խոշոր սփյուռք ունեցող երկրների այն պաշտոնյաններն, ովքեր զբաղվում են սփյուռքի հիմնախնդիրներով։
«Կդիմենք ՄԱԿ-ին՝ Սփյուռքի մասին կոնվենցիա ստեղծելու առաջարկով»-ընգծեց նախարարը։
Նշենք, որ սեպտեմբերի 20-22 անցկացվող «Հայաստանի սփյուռքահայ շրջանավարտների համահայկական հավաքի» մասնակիցները հանդիպում են ունեցել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ եւ մասնակցել Անկախության օրվան նվիրված ՀՀ նախագահի ընդունելությանը։





























