Մեր երկրում ամենից մեծ խնդիրը հոգեպես պատրաստված բանակ ունենալն է: Այս մասին այսօր` մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հատուկ նշանակության`հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը:

«Մենք մեր երեխաներին լավ չենք պատրաստում: Եթե տղերքին նորմալ դաստիարակեն ու ուղարկեն կռվի դաշտ, տենանք` էդքան զոհ կունենա՞նք: Անդաստիարակներին հավաքում են, բանակը նրանց մի քանի ամսում քիչ թե շատ դարձնում է հայ ու հանում դիրքեր: Եթե բանակը ոչինչ չաներ, կլիներ այնպես, ինչպես 90-ականներին էր, երբ գողականությունը տիրում էր ցանկացած զորամասում: Ցանկացած զորամասում գողական տիպ կար, որն ավելի շատ իշխանություն ուներ, քան հրամանատարը»,- ասաց Վովա Վարդանովը:

Նրա խոսքով`խնդիրը որոշ մասով նաեւ դպրոցներից է գալիս, որտեղ տղաները հոգեբանորեն չեն պատրաստվում բանակին: Նա կարծում է` «Շախմատի» փոխարեն հենց «Հոգեբանություն» առարկան պետք է մտցվեր դպրոցական ծրագրում:

«Նորմալ հոգեբան պետք է լիներ, որը դաս կկարդար երեխաներին, սովորեցներ,  թե ինչ անի ինքնավերահսկողությունը ուժեղացնելու համար, ընկերոջ ագրեսիան թուլացնելու համար»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ միայն վերջին երկու շաբաթում բանակում մեկ ինքնասպանության, մեկ սպանության դեպք է գրանցվել: