Բաքվում մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի երկրների սպորտի նախարարները 18-րդ ավանդական վեհաժողովը: Քննարկման թեմաներն են դոպինգի դեմ պայքարը, սպորտում արդարության սկզբունքի պահպանումը, մարզիկների համար առանց վիզայի տեղաշարժման հնարավորության ստեղծումը: Կքննարկվի նաեւ Եվրոպական խաղեր անցկացնելու գաղափարը: Միջազգային օլիմպիական կոմիտեն վաղուց է իր վրդովմունքը հայտնել, որ գոյություն ունեն Պանամերիկյան, Ասիական խաղեր, նույնիսկ աղքատ Աֆրիկան է իր Խաղերն անցկացնում, իսկ Եվրոպայում այդ գաղափարը մինչեւ այժմ կյանքի չի կոչվել: Այս հարցի վերջնական պատասխանը կտրվի նոյեմբերին Բելգրադում կայանալիք Եվրոպայի օլիմպիական կոմիտեի Գլխավոր ասամբլեայում:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բաքվի վեհաժողովին մասնակցելու հրավեր ստացել է նաեւ Հայաստանը, սակայն ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարը մասնակցում է նույն օրերին Իսպանիայում անցկացվող սպորտի եւ երիտասարդների հարցերի եվրոպական քաղաքականության թեմայով համաժողովի: