«Զվարթնոց» օդանավակայանում դեռեւս ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքավիացյիա գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Ըստ այդմ, «Զվարթնոց» օդանավակայանում հնարավոր պայթյունի մասին տեղեկություն ստանալու հետո քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ընդունվել է որոշում՝ ըստ սահմանված կարգի այդ մասին տեղեկացնել համապատասխան պետական կառույցներին:

«Վերջիններս ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ հակազդող գործողությունները: 

Տեղեկատվության ստուգելու արդյունքում դեռեւս ոչինչ չի հայտնաբերվել»,-ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 24-ին, Հայաստանի ԱԻՆ-ն ու իրավապահ մարմինները ահազանգ են ստացել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ռումբ կա տեղադրված: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ-Երեւան քաղաքի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը:

«Ահազանգ ենք ստացել, ոստիկանությունը հիմա ճշտում է ահազանգողի ինքնությունը: Մինչ այդ մենք այստեղ որոնողական աշխատանքներ ենք կատարում»,-նշել է Երեւան քաղաքի փրկարար ծառայության պետը:

NEWS.am-ի  թղթակիցը հաղորդել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ուժեղացված հսկողություն է իրականցվում: Այնտեղ են մեծ թվով ոստիկաններ, ԱԻՆ աշխատակիցներ, սակրավորներ, «Շտապօգնության» բրիգադներ:

ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ օդանավակայանի աշխատանքն ընթանում է նորմալ հունով: «Մենք սերտորեն համագործակցում ենք թե ԱԻՆ-ի, թե ոստիկանության հետ»,-ասել է նա: