Հայ անվանի օպերային երգիչ եւ բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը կյանքի վերջին օրերին անգամ թատրոնի հետ կապված ծրագրեր է մշակել:

«Ամենավատ եղած ժամանակ էլ ինքը դրա մասին էր մտածում: Առողջության, բժշկի գնալու մասին ոչ մի անգամ էդքան չէր մտածում: Ինքը բացառիկ, արտակարգ բարի մարդ էր: Ըմբոստություն ուներ, ծուռ բաներ չէր կարում տաներ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի վաստակավոր գործիչ, Գեղամ Գրիգորյանի ընկեր Կամո Հովհաննիսյանը:

Կամո Հովհաննիսյանը հիշեց իրենց ընկերության 20 տարիները՝ նշելով, որ դրանք իր ամենաթանկ տարիներն են եղել:

«Ուսանողական տարիներից ընկերներ ենք եղել: Թիմեր էինք կազմում, ֆուտբոլ էինք խաղում կոնսերվատորիայի դիմաց, պոնչիկանոց էինք գնում: Շատ էր սիրում ազարտ»,- պատմեց նա:

Գեղամ Գրիգորյանը մեծ երաժիշտ էր, հպարտությամբ նշում է ընկերը. «Առավոտյան որ արթնանում էր, արդեն երգում էր: Ժամը 12-ին արդեն 4 ժամ պարապած էր լինում»:

Գեղամ Գրիգորյանը մահացել է մարտի 23-ին՝ 65 տարեկանում: Գեղամ Գրիգորյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել, ստացել է Լիտվական ԽՍՀ վաստակավոր արտիստի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումներ, պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով: