Իտալական Սալերնո քաղաքի իշխանությունները որոշել են մարմնավաճառներին տուգանել սեքսուալ հագուստի եւ սեթեւեթելու համար: Այս մասին գրում է Gazeta-ն վկայակոչելով The Local-ը: Քաղաքային էթիկայի նորմերը խախտողներին մինչեւ 500 եվրոյի չափով տուգանք է սպառնում:
Որոշումն ընդունվել է քաղաքի կենտրոնում մարմնավաճառների թվի կտրուկ աճի պատճառով: Բացի այդ, քաղաքի հրապարակներում հաճախորդներին սեռական ծառայությունների մատուցման դեպքեր են արձանագրվել:
Տեղի իշխանությունները հույս ունեն, որ ավելի պարկեշտ հագնված կանայք պակաս գրավիչ կլինեն հաճախորդների եւ պակաս նկատելի՝ քաղաքացիների եւ զբոսաշրջիկների համար:
Իտալիայում մարմնավաճառությունն արգելված չէ, սակայն կավատությունը եւ հասարակաց տուն պահելն արգելված են: Նախկինում իտալական այլ քաղաքներում նույնպես մարմնավաճառության դեմ պայքարի «կրեատիվ միջոցառումներ» են ձեռնարկել, օրինակ՝ արգելել են կարճ կիսաշրջազգեստ հագնել: Որոշ քաղաքներում էլ, օրինակ՝ Հռոմում, «հանդուրժողականության գոտիներ» են ստեղծել, որտեղ փողոցային մարմնավաճառները կարող են աշխատել՝ չվախենալով ոստիկանության միջամտությունից:



























