Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմում Ավագ ուրբաթի աղոթքների ժամանակ իր վրդովմունքն է հայտնել եկեղեցու ներքին խնդիրների կապակցությամբ, կոշտ դատապարտելով մանկապիղծ հոգեւորականներին, հայտնում է «Ֆրանս պրեսը»:

Սրբազանը այդ հոգեւորականներին անվանել է «անհավատ հոգեւորականներ, որոնք իրենց փառասեր նկրտումներից ազատվելու փոխարեն անմեղներին են պատվազրկում»:

Հոգեւորականների շարքերում մանկապղծության դեպքերը Հռոմի կաթոլիկ եկեղեցու գլխավոր խնդիրներից են: Այս կապակցությամբ առաջին մեծ աղմուկը բարձրացել էր Իռլանդիայում 2009-ին: Այն ժամանակ մանկապղծության մեղադրանքներ առաջադրվեցին շուրջ 100 հոգեւորականների, որոնցից շատերը խոստովանեցին իրենց մեղքը:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ստեղծել է տրիբունալ, որը քննելու է այն կաթոլիկ եպիսկոպոսների գործերը, որոնք քողարկում են իրենց ենթակա հոգեւորականների կողմից երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքերը: