Սա Թուրքիան է, սա ձեր երկիրը չէ, որ հանգիստ շարժվեք։ Նման դիտողություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում գտնվող օտարեկրյա հյուպատոսներին։
Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խիստ անհանգստացրել է, որ Սիրիայի ահաբեկիչներին զենք ուղարկելու փաստը հրապարակած լրագրողներին մեծ թվով հյուպատոսներ են աջակցություն հայտնել։
Այս կապակցությամբ Էրդողանը մի միջոցառման ժամանակ խիստ քննադատության է ենթարկել օտարեկրյա հյուպատոսներին՝ ոչ էթիկ ձեւով դիմելով։ «Այն լրագրողների դատին Ստամբուլում գտնվող հյուպատոսներ են գնում։ Դուք ո՞վ եք, դուք ի՞նչ գործ ունեք այնտեղ։ Սա քո երկիրը չէ, սա Թուրքիան է։ Դու միայն հյուպատոսության շենքի ներսում կարող ես հանգիստ շարժվել, իսկ դրսում ամեն ինչի համար թույլտվություն է պետք»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ Cumhuriyet պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը եւ Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլը Էրդողանի հրահանգով մեղադրվում են լրտեսության մեջ։ Այդ լրագրողները պարզապես ներկայացրել էին Ազգային հետախուզության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Սիրիայի ահաբեկիչներին զենք տեղափոխող բեռնատարի կալանումը՝ ապացուցելով, որ պետական մակարդակով Թուրքիան զենք է ուղարկում Սիրիայի ծայրահեղականներին։





























