Սիրիայի շուրջ իրավիճակի բարելավումը ինքնըստինքյան կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

Քաղաքագետը կարծում է, որ առաջին հերթին դա կնշանակի ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորում, իսկ այդ երկրները ԵԱՀԿ ՄԽ անդամներ են: «Երկրորդ հերթին  Սիրիայի շուրջ իրավիճակի լավացումը  կհանգեցնի Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը: Դա նույնպես կարեւոր է, քանի որ Թուրքիան հիմա կարող է փորձել «պղտոր ջրում ձուկ որսալ», այսինքն՝ օգտագործելով Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները, օրինակ, ազդել Ադրբեջանի վրա՝ Բաքվի կողմից ղարաբաղյան հակամարտության հարցում ինչ-որ սադրիչ գործողությունների դիմելու համար»,- ընդգծել է Սկակովը: Եվ վերջապես, Սիրայում իրավիճակի բարելավումը կարող է ընդհանուր առմամբ տարածաշրջանում խաղաղության մթնոլորտ ստեղծել: «Որքան քիչ լինեն հակամարտությունները, այնքան քիչ կլինի հակամարտության ինչ-որ կողմի մոտ այն ռազմական ճանապարհով լուծելու ցանկությունը»,- ասել է Ալեքսանդր Սկակովը: