ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին 14 կանանց միջազգային մրցանակ կշնորհի: Նրանց թվում կլինի նաեւ Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննան: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:
Նշվում է, որ ամեն տարի «պարգեւը շնորհվում է կանանց ամբողջ աշխարհից, որոնք քաջություն եւ առաջնորդի ունակություններ են դրսեւորել խաղաղության, արդարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության պաշտպանության եւ կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման հարցում, հաճախ՝ սեփական կյանքի համար մեծ վտանգով»: Պետքարտուղարության տեղեկության համաձայն, 2007 թվականից ի վեր այս պարգեւին արժանացել է աշխարհի 60 երկրներից շուրջ 100 կին:
Ըստ Gazeta-ի, Ժաննա Նեմցովան պարգեւը կստանա որպես Ռուսաստանի ներկայացուցիչ: Պարգեւներ կստանան նաեւ կանայք Բանգլադեշից, Բելիզից, Չինաստանից, Ֆրանսիայից, Գվատամալայից, Իրաքից, Մալազիայից, Մավրիտանիայից, Սլովակիայից, Սուդանից, Թանզանիայից, Թայլանդից, Եմենից:



























