«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը նպատակ ունի այդ կազմակերպությունների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնել, Ազգային Ժողովում կայացած լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանի արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը:
Նրա պնդմամբ, բոլոր փոփոխությունները նպատակ ունեն հեշտացնել հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Այսպես, համաձայն փոփոխությունների թույլատրվում է համագումարներ անցկացնել ոչ թե երկու տարին, այլ չորս տարին մեկ: Օրինագիծը նաեւ պարտադրում է տեղեկություններ ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ: Բայց ի տարբերություն գործող օրենքի, թույլատրում է անել դա էլեկտրոնային տարբերակով, այսինքն տեղադրել կայքում կամ, կայքի բացակայության դեպքում, արդարադատության նախարարության կայքում:
Սակայն ամենագլխավոր նորամուծությունը Վերահսկիչ տեսչության ստեղծումն է, որը կարող է ստուգել ՀԿ-ների գործունեությունը: Թեեւ, ինչպես խոստովանեց Մալխասյանը, տեսչությունը ստեղծվում է ավելի շատ հիմնադրամների եւ արհմիությունների գործունեությունը ստուգելու համար:
Այդուհանդերձ, օրինագծի երկու դրույթներ՝ տեղեկությունների տրամադրման եւ վեահսկիչ տեսչության ստեղծման մասին, հարուցել են հասարակական կազմակերպությունների բողոքը, որոնք կառավարության նախագիծը համարում են իրենց գործունեությունը տոտալ վերահսկողության տակ առնելու միջոց:





























