Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները քվեարկել են երկրի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի հրաժարականի օգտին: Այդ մասին հայտնում է  «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: 

Համապատասխան որոշման օգտին 289 խորհրդարանական է քվեարկել անհրաժեշտ 226-ի պարագայում: «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցությունից որոշմանն աջակցել է 114 պատգամավոր, «Ժողովրդական ճակատ» խմբակցությունից` 72, «Ինքնօգնություն» միավորումից` 24: Ինքը` Շոկինը, խորհրդարանում ներկա չէր հրաժարականի վերաբերյալ քվեարկությանը: 

Փետրվարի 20-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հավանություն է տվել երկրի գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու մտադրությանը: Բայդենի խոսքով, այդ որոշումը ուղի կբացի դատախազական վերահսկողության համակարգի անհրաժեշտ բարեփոխման համար: 

Պորոշենկոն Շոկինից պահանջել էր հրաժարական տալ փետրվարի  16-ին:  «Գլխավոր դատախազությունը, ցավոք սրտի, չկարողացավ հանրության վստահությանն արժանանալ: Այդ պատճառով օրակարգում հրաժարականի հարց է», — նշել է պետության ղեկավարը: Նույն օրը հայտնի էր դարձել, որ Շոկինն արձակուրդ է գնացել: Փետրվարի  19-ին Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն ասել էր, թե նախագահի աշխատակազմը գլխավոր դատախազից հրաժարականի դիմում է ստացել:  

Փետրվարի 15-ին Շոկինի տեղակալ Վիտալի Կասկոն էր հրաժարականի դիմում ներկայացրել: Իր գործողությունները նա բացատրել էր գերատեսչությունում կոռուպցիայով.  «դատախազության ներկայիս ղեկավարությունն այն վերջնականապես վերածել է մի մարմնի, որտեղ իշխում է կոռուպցիան եւ խմբակային երաշխավորությունը, իսկ իրերի այդ դրվածքը փոխելու ցանկացած փորձ անմիջապես եւ ցուցադրաբար հետապնդվում է»: Կասկոն հավելել է, որ պաշտոնից հրաժարվելու որոշում կայացնելուց առաջ, խորհրդակցել է  «օտարերկրյա գործընկերների հետ եւ ստացել նրանց հավանությունը:

Վիկտոր Շոկինը Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը գլխավորել է 2015-ի փետրվարին: Այդ պաշտոնում նա փոխարինել էր Վիտալի Յարեմային: 2014թ.  հունիսից Շոկինը երկրի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: